21.000 կմ²

Մեծ Հայքի տասնմեկերորդ նահանգը։ Հյուսիս–արևմուտքից սահմանակից էր Սյունիք, Արցախ և Ուտիք, արևմուտքից՝ Վասպուրական նահանգներին, արևելքից՝ Կասպից ծովին։ Փայտակարանն, ըստ մ․թ․ա․ 63 թ․ - մինչև մ․թ․ 24 թ․ ապրած փոքրասիական հույն աշխարհագետ և պատմիչ Ստրաբոն Ամասիացու՝ հայերը խլել են Ատրպատականից։ Փայտակարանը Մեծ Հայքի թագավորության կազմում է եղել մ․թ․ա 165 թվականից մինչև մ․թ․ 385 թվականը՝ այսինքն 550 տարի, ասել է թե՝ ավելի քան կես հազարամյակ։ Նահանգն իր անունը ստացել է Փայտակարան քաղաքի անունից։ Մյուս անունն էր Կասպեից կամ Կազբեից աշխարհ։ Այլ տվյալներ շատ քիչ են պահպանվել:Կազմված էր 13 գավառներից։

Երկիր Մեծ Հայք Մեծ Հայք Մեծ Հայք
Ներառում է գավառ
Գլխավոր քաղաք Փայտակարան
Այլ քաղաքներ Վարդանակերտ, Յոթնփորակյան Բագինք, Սպանդարան, Պիճան, Բագավան
Ստեղծվել է Մ.թ.ա. 189
Վերացել է Մ.թ. 387

 

Պատմություն

Փայտակարանի տարածքում մարդը հաստատվել է հնագույն ժամանակներից։ Որպես Մեծ Հայքի թագավորության ծանր արևելյան նահանգ, Փայտակարանը ռազմաքաղաքական մեծ կարևորություն է ստացել հյուսիսային կովկասյան լեռնականների դեմ մղվող պայքարում։ Քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու ժամանակաշրջանում Անգեղտան իշխանը Փայտակարանի բանտն է նետել 438 քուրմ, որոնք չեն հրաժարվել հեթանոսությունից։ Փայտակարան քաղաքը մեծ կարևորություն է ձեռք բերել Հայոց Տրդատ Մեծ թագավորի գահակալման տարիներին։ Աղվանքի թագավորությունում քրիստոնեությունը տարածելու նպատակով հայկական հյուսիս–արևելյան երկրամասերն է ուղարկվել Գրիգոր Լուսավորչի թոռ Գրիգորիս եպիսկոպոսը, իսկ Փայտակարանի վերակացու է նշանակվել Սանատրուկ Արշակունին, որին հանձնարարվել էր օժանդակել Գրիգորիսի առաքելությունը։ Վերջինս, Տրդատ Գ–ի մահից հետո, Մազքթաց Սանեսան թագավորի հրամանով սպանել էր Վատնյան դաշտում, իսկ Սանատրուկն իրեն թագավոր է հռչակել և, տիրելով Փայտակարան քաղաքին, փորձել է օտարների օգնությամբ տիրել Հայոց թագավորությանը։ Երբ հայ–հռոմեական զորքերը պաշարել են Փայտակարանը, Սանատրուկը փախել է Պարսկաստան՝ ապավինելով Շապուհ II–ի օգնությանը։ IV դ 30-ական թթ սկզբին Մեծ Հայքի մյուս երկրամասերի հետ մեկտեղ Փայտակարանը ևս տուժել է Մազքթաց Սանեսան թագավորի արշավանքից, որի զորաբանակը ջախջախվել է Օշականի մոտ։ Մեծ Հայքի 387-ի բաժանումից հետո Փայտակարան քաղաքը մնացել է Արևելյան Հայաստանի կազմում մինչև Արշակունյաց թագավորության անկումը։ 428–ին Փայտակարանը միացվել է Ատրպատականի մարզպանությանը։ 450-451–ին, Վարդանանց պատերազմի ժամանակ, Փայտակարան քաղաքը վերածվել է պարսկական զորքերի հենակետի։ 620–ական թթ Փայտակարանը ասպատակել են բյուզանդական զորքերը։ VI-VII դդ Կասպից ծովի խիստ իջեցման հետևանքով ջուրը հեռացել է Փայտակարան քաղաքից, որի պատճառով քաղաքը անշքացել է, ապա շատ չանցած՝ անհետացել։ VII դ վերջին արաբները Փայտակարանը գրավել և մտցրել են Ատրպատականի մեջ։ IX դ. 1–ին կեսին Փայտակարանը ներառվել է Բաբեկյան շարժման ոլորտը, IX դ վերջին մտել Սաջյանների, X դ. 40–ական թթ–ից՝ Սալարյանների, X դ. վերջից՝ Ռավվադյանների պետության մեջ։ XI դ. 2–րդ կեսին Փայտակարանը գրավել են սելջուկյան թուրքերը։ XII դ 30–ական թթ–ից եղել է Ելտկուզյանների պետության կազմում։ XIII դ 1–ին կեսին Փայտակարանը գրավել են մոնղոլները։ XIII-XIV դդ այն ենթարկվել է Ոսկե Հորդայի խաների, XIV դ. վերջին՝ Լենկթեմուրի աշխարհավեր արշավանքներին։ XVIII դ կեսերին Փայտակարանի տարածքում ձևավորվել են Թալիշի և Ղարադաղի խանությունները, որոնցից առաջինը 1809–ին վերջնականապես միացվել է Ռուսաստանին։ 1813–ին Գյուլիստանի պայմանագրով վավերացվել է Փայտակարանի արևելյան մասի անցումը Ռուսաստանին, իսկ արևմտյան հատվածը մնացել է Պարսկաստանի կազմում։ 1826–ին վերացվել է Թալիշի խանությունը, որի տարածքը XIX դ 2–րդ կեսին և XX դ սկզբին մտել է Բաքվի նահանգի մեջ

Վարչական բաժանում

Փայտակարանը կազմված էր հետևյալ 13 գավառներից.

  • Հրաքոտ-Պերոժ- կենտրոնը՝ Փայտակարան
  • Վարդանակերտ- կենտրոնը՝ Վարդանակերտ
  • Յոթնփորակյան Բագինք (Եօթնփորակեան Բագինք)- կենտրոնը՝ Յոթնփորակյան Բագինք (Եօթնփորակեան Բագինք)
  • Քոեկյան (Քոեկեան)- կենտրոնը՝ ՞
  • Ռոտ-ի-Բաղա- կենտրոնը՝ Բաղան-Ռոտ
  • Քաղան-ռոտ- կենտրոնը՝ Քաղան
  • Առոս- կենտրոնը՝ Առոս
  • Պիճան- կենտրոնը՝ Պիճան
  • Հանի- կենտրոնը՝ ՞
  • Աթշի-Բագավան (Աթշի-Բագաւան)- կենտրոնը՝ Բագավան (Բագաւան)
  • Սպանդարան-Պերոժ- կենտրոնը՝ Սպանդարան
  • Որմիզդ-Պերոժ- կենտրոնը՝ ՞
  • Ալևան (Ալեւան)- կենտրոնը՝ Ալևան (Ալեւան)

No comments

CB Online

Այժմ կայքը դիտում են 1091 հյուր և մեկ անդամ։