Կեչառիսի վանական համալիր, Հայ Առաքելական Եկեղեցու Կոտայքի թեմի առաջնորդանիստ եկեղեցի Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի հյուսիս-արևմուտքում՝ կառուցված 11-13-րդ դարերում, միջնադարյան Հայաստանի նշանավոր կրոնական ու մշակութային կենտրոն։ Ընդգրկված է Ծաղկաձորի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Կեչառիսում ապրել և գործել են ժամանակի խոշոր գիտնականներ ու քաղաքական գործիչներ՝ Գրիգոր Մագիստրոսը, Վասակ Խաղբակյանը, բանաստեղծ Խաչատուր Կեչառեցին և ուրիշներ։ Համալիրը գտնվում է Հրազդանի շրջանի Ծաղկաձոր ավանի հյուսիսարևմտյան մասում։

Բաղկացած է չորս եկեղեցիներից, գավթից և երկու մատուռից, որից գլխավորը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, կառուցվել է 1033 թվականին Գրիգոր Մագիստրոսի կողմից, որի մասին վկայում է հարավային մուտքի վերևի արձանագրությունը։

Կեչառիսի վանքում են թաղված նաև սելջուկների դեմ մղված ճակատամարտում զոհված Ապիրատյան Գրիգոր իշխանը (1099), Մեծ իշխան Պռոշը (1284)։

Վանքը դարերի ընթացքում բազմիցս ավերվել ու վերանորոգվել է։ 1223 թվականին Պատրոն Վաչեն նորոգել է Սուրբ Նշան եկեղեցին, 1248 թվականին Խաչենի Խոյախան բերդի տեր Վախթանգի որդի Հասան իշխանը իր կնոջ՝ Բաղաց թագավորի դուստր Մամքանի հետ վերանորոգել է թաթար–մոնղոլների ավերած Կեչառիսի շենքերը։ 1947-1949 թվականներին վանքի տարածքը բարեկարգվել է ու պարսպապատվել, շենքերի տանիքները ծածկվել են քարե սալիկներով։

1998-2001 թվականներին ավստրիահայ բարերար Վլադիմիր Հարությունյանի միջոցներով Կեչառիսի վանքն ամբողջովին վերականգնվել է։

 

No comments

Այժմ կայքը դիտում են 2695 հյուր և անդամներ չկան։