Աշխարհի` մեզ հասած առաջին քարտեզը մ.թ.ա. 6-րդ դարի Բաբելոնյան կավե սալիկն է, որտեղ Բաբելոնը նշված է որպես աշխարհի կենտրոն՝ շրջապատված երկու այլ երկրներով, որոնք կոչվում են Ասորեստան և Արմենիա (Ուրարտու), քարտեզը պահվում է Լոնդոնի Բրիտանական թանգարանում։
Հետագայում Հայաստանի անունը հիշատակել են հույն, հռոմեացի, արևելյան և արևմտյան երկրների ճանապարհորդները, պատմաբանները, աշխարհագրագետներն ու քարտեզագետները, որոնք տեսել և ներկայացրել են Հայաստանն իրենց նկարագրություններում և քարտեզներում։ Այդ նկարագրություններն ու քարտեզները մաս են կազմում համաշխարհային քարտեզագրության և աշխարհագրական ժառանգության, և դրանց բնագրերը պահվում են աշխարհի ճանաչված գրադարաններում և թանգարաններում։
Քարտեզներում Հայաստան երկիրն արձանագրված է իբրև տարածքային միավոր` իր անունով, լեռներով, գետերով և քաղաքներով: Սրանք փաստացի վկայագրեր են, որոնք ներկայացնում են Հայաստանի պատմական և քաղաքական իրավիճակի պատկերը տարբեր ժամանակաշրջաններում։